Արցախի ԱԽՔ գրասենյակը պարզաբանել է

Արցախի ԱԽՔ գրասենյակի պարզաբանումը․ «Վերջին օրվա ընթացքում որոշ սոցիալական ցանցերով, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնող ռեսուրսներով շրջանառվում է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի լուսանկարներից մեկը, և տեղադրվում են կեղծ լուրեր առ այն, թե իբր «Վիտալի Բալասանյանը Բերձորի հանձնում-ընդունումն է անում»։

Այս առթիվ նշում ենք, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքի բերումով մշտապես այցելում է Հանրապետության տարբեր բնակավայրեր, զբաղվում անվտանգային խնդիրներով, իրականացնում պաշտոնեական գործառույթները։

Սույն լուսանկարն արվել է անհայտ անձի կողմից՝ անհայտ հանգամանքներում, երբ Վիտալի Բալասանյանը հերթական աշխատանքային այցով գտնվել է ռուսական խաղաղապահ զորքերի հենակետերից մեկում, որը տեղակայված է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու Շուշի քաղաքին կից գտնվող հատվածում, որտեղ զբաղվել է, մասնավորապես, Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր երթուղու գործարկման հետ կապված անվտանգային խնդիրներով։

Վերլուծելով համացանցով տարածվող այս լուսանկարի կամայական «մեկնաբանությունները»՝ գալիս ենք այն եզրահանգման, որ Վիտալի Բալասանյանի դեմ իրականացվում է կազմակերպված արշավ՝ նպատակ ունենալով փորձել վարկաբեկել Արցախի Հանրապետության պաշտպանության և պետականության ամրապնդման գործում անուրանալի ավանդ ունեցող գործչի բարի անունը։

Ըստ այդմ, պատասխանատու հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իր կենսագրության ընթացքում երբևէ չի զբաղվել հայ ժողովրդի շահերին հակասող գործունեությամբ։ Վիտալի Բալասանյանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 5-ից Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո նա նվիրվել է օրհասական վիճակի հասցված Արցախի Հանրապետության անվտանգային դիրքերը վերականգնելու առաքելությանը, որի իրականացման արդյունքները բոլորս կարող ենք զգալ առօրյայում։

Խստորեն հորդորում ենք բոլորին՝ դադարեցնել անպատասխանատու ասեկոսություններ արտադրելու և շրջանառելու անպատիվ փորձերը, իսկ մեր հայրենակիցներին կոչ ենք անում տուրք չտալ զրպարտություններին։ Միևնույն ժամանակ հավաստիացնում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն անում են ամեն հնարավորը՝ Հանրապետությունում ապահովելու պատշաճ անվտանգային միջավայր»։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: