Օգոստոսի 25՝ Ռուսաստանի վերջին ժամկետը

Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխությունը, զինաթափման պահանջը եւ հայ բնակչության տեղահանումը չեն կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի, ավելի ստույգ՝ Բաքվի գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանի առաջնորդությամբ։ Սա ցեղասպանական գործողություն է 100 տարի առաջվա նույն մեթոդներով ու նույն դերակատարներով։

Մոսկվան փորձում է արագացնել Արցախի հանձնումը Բաքվին։ Երեւանի ու Ստեփանակերտի կոլաբորանտական բնույթի վարչակազմերը հերթական ստոր դերն են ստանձնել՝ Հայաստանի դեմ 1915-ից շարունակվող ռուս-թուրքական ոճրագործության պարտակումն ու «օրինականացումը»։ Չեն օգտագործվել նոյեմբերի 9-ից հետո մինչ այսօր հայկական խնդիրները միջազգային լեգիտիմ կառույցների քննարկմանը վերադարձնելու եւ խորհրդարանում որոշումներ ընդունելու հնարավորությունները։

Հայաստանի խորհրդարանի «ընդդիմությունն» իր հերթին կատարում է նույն դերը հակառակ կողմից՝ փողոցներում ու մեդիա-փորձագիտական լայն ռեսուրսներով ապահովելով ներքաղաքական բալագանը՝ նոյեմբերի 9-ի թղթին ու ռուսական պլաններին հավատարմության եւ «միջազգային հանրությանը» մուննաթի շրջանակում։

Հնարավորությունները, հայկական իրավունքների փաթեթը, Հայաստանի աշխարհքաղաքական կշիռը ոչ մի տեղ չեն կորել, եւ դա լավ են հասկանում Մոսկվայում ու Բաքվում։ Հայաստանն անմեղսունակ իշխանությունն ու բալագանային ընդդիմությունը չեն․ անելիքը հայ ժողովրդինն է, նրա գրագետ, խնդիրներն ու հնարավորությունները պատկերացնող հատվածինը։ Հանցավոր որոշումներն ու հրահանգները ենթակա չեն կատարման։

Օգոստոսի 25-ի վերջնաժամկետը միաժամանակ Ռուսաստանի ներկայության վերջնաժամկետն է՝ «առաքելության» ավարտը։

lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: