«ՀՐԱՊԱՐԱԿ». Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

«Հրապարակ». Ի՞նչ է անում ոստիկանությունը՝ կեղծ ահազանգերի հետ կապված

Երեկ Երեւանի մետրոպոլիտենում ռումբի տեղադրման հերթական կեղծ ահազանգը ստացվեց։ Դարձյալ գործի անցան ԱԻՆ-ի մասնագետները, մի քանի ժամով դադարեցվեց մետրոյի աշխատանքը, սակայն նորից  ոչինչ չհայտնաբերվեց։ Այս կեղծ ահազանգերն արդեն լուրջ մտահոգության տեղիք են տալիս, ու պետությունը, եթե այն դեռ գոյություն ունի, կաթվածահար է լինում, ուստի պետք է քայլեր ձեռնարկվեն՝ դրանց դեմն առնելու համար։ Մենք փորձեցինք հետաքրքրվել, թե մետրոպոլիտենն ու ոստիկանությունն այս ահազանգերը բացառելու եւ բացահայտելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկել։ Մետրոպոլիտենից ասացին, որ հարցերի մեծ մասն ուղղված է ՀՀ ոստիկանությանը, որը պարտավոր է ապահովել Երեւանի մետրոպոլիտենի անվտանգությունը: Միայն նշեցին, որ առաջին իսկ ահազանգից հետո սկսել են իրականացնել ուժեղացված ծառայություն։ Բայց Երեւանի մետրոպոլիտենը որեւէ գրությամբ չի դիմել ոստիկանություն՝ խնդրելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել մետրոպոլիտենի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան՝ նախ հայտնեցին, որ 2022թ․ ընթացքում մետրոպոլիտենի կայարաններում ռումբի տեղադրման վերաբերյալ ստացվել է 4 կեղծ ահազանգ, որոնք ստացել է Երեւանի քաղաքապետարանի լրատվական կայքը (էլփոստ) եւ փոխանցել 911 ծառայություն ու ոստիկանություն: Ստացված կեղծ ահազանգերի վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ, եւ միջոցներ են ձեռնարկվում կեղծ ահազանգ տվող քաղաքացուն կամ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ: Սա այսօրվա տեխնոլոգիաների դարում, իհարկե, շատ տարօրինակ է, ՀՀ իրավապահ մարմինները չեն կարողանում կեղծ ահազանգերի հեղինակներին հայտնաբերել։ Սա՝ այն դեպքում, երբ հսկայական ռեսուրս են ծախսում ընդդիմադիրներին ու ոչ իշխանական լրագրողներին գաղտնալսելու համար, իսկ մեյլով կեղծ ահազանգի հաղորդագրությունն ուղարկողին չեն կարողանում հայտնաբերել։

Մենք հետաքրքրվել էինք նաեւ, թե ուժեղացված ծառայությունն ինչ է իրենից ներկայացնում, ստուգվո՞ւմ են մետրոյից օգտվող բոլոր ուղեւորները եւ ի՞նչպես, ոստիկաններն օգտագործո՞ւմ են մետաղորսիչ սարքեր, կամ արդյոք ՀՀ ոստիկանությունն ու մետրոպոլիտենի ղեկավարությունը մտադի՞ր են Rapiscan կամ այլ տեսակի մետաղորսիչ սարքեր տեղադրել մետրոպոլիտենի կայարաններում, որպեսզի բոլոր ուղեւորները պարտադիր ստուգվեն։ Ոստիկանությունից մեզ հայտնել են, որ յուրաքանչյուր ահազանգից հետո մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է, եւ կազմակերպվել է քաղաքացիների տարհանում` կինոլոգիական եւ սակրավորական ծառայության կողմից կայարանները ստուգման ենթարկելու նպատակով:

«Նշված բովանդակությամբ առաջին ահազանգի ստացման պահից, անվտանգության նկատառումներից ելնելով, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժինն առկա բոլոր միջոցներով, այդ թվում՝ մետաղորսիչ սարքերով, անցել է ուժեղացված ծառայության»,- հայտնել են ոստիկանությունից՝ անպատասխան թողնելով Rapiscan սարքերով ստուգելու վերաբերյալ հարցը։
Նրանց պատասխանից կարելի է ենթադրել, որ այդ ուժեղացված հսկողությունն իրենից առանձնապես լուրջ միջոցառում չի ներկայացնում: Այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք իրականացվում են Մոսկվայի մետրոպոլիտենի կայարաններում` հավանական ահաբեկչությունները կանխելու համար։

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: