Որն է սրտի իշեմիկ հիվանդության մասին նախազգուշացնող հիմնական ախտանշանը

Սրտի իշեմիկ հիվանդությունն այս օրգանի ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը բնորոշվում է սրտամկանին մատակարարվող արյան մակարդակի նվազմամբ։ Սա ամենամահաբեր հիվանդությունն է սրտանոթային համակարգի հիվանդությունների շարքում, ինչը պայմանավորված է նրանով, որ այն հնարավոր է ախտորոշել միայն հատուկ հետազոտությունների միջոցով։ Սակայն, այնուամենայնիվ, կան ախտանշաններ, որոնք հուշում են այս վտանգավոր խնդրի մասին՝ օգնելով ժամանակին միջոցներ ձեռնարկել։

Ըստ Նյու Մեքսիկոյի համալսարանի պրոֆեսոր, բժիշկ Ջագդիշ Հուբչանդանիի՝ սրտանոթային համակարգի հիվանդություններն ամբողջ աշխարհում մարդկանց մահացության հիմնական պատճառն են հանդիսանում, սակայն շատերն անտեսում են սրտի իշեմիկ հիվանդությանը բնորոշ ախտանշանները՝ համարելով դրանք ոչ վտանգավոր։

Ինչպես նշել է մասնագետը Eat This, Not That! պարբերականի հետ զրույցում, սրտի իշեմիկ հիվանդության մասին հուշող առաջին ու ամենակարևոր ախտանշանը կրծքավանդակի ցավն է, որը կարող է լինել ինչպես ուժգին, այնպես էլ թույլ՝ դրսևորվելով տհաճ զգացողությունների, սեղմվածության կամ ծանրության զգացման տեսքով։ Ընդ որում՝ տհաճ զգացողություններն ուժգնանում են սթրեսի կամ նյարդային լարվածության ժամանակ։

Բժշկի խոսքով՝ խնդրի ախտանշաններն ի հայտ են գալիս սրտամկանին արյուն մատակարարող զարկերակների խցանման հետևանքով, ինչն էլ մեծացնում է արյան շրջանառության համար պատասխանատու այս օրգանի մկանների ծանրաբեռնվածությունը։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: