Վանաձորցի Երիտասարդը Մեքենա Է Ստեղծել. ՖՈՏՈՇԱՐՔ

Վանաձորցի 28-ամյա Թեւոս Ասատրյանը 15 տարի առաջ Bugatti ավտոմեքենայի լուսանկարն է տեսնում: Մեքենան առաջին իսկ վայրկյանից մտնում է տղայի սիրտը:

Թեւոսն էլ որոշում է, որ մի օր ունենալու է այդ մեքենան:

Մի քանի տարի շարունակ մտքում պահելով Bugatti ունենալու գաղափարը, Թեւոսն ի վերջո որոշում է ձեռք բերել այն, բայց ոչ թե գնել, այլ ինքնուրույն զրոյից հավաքել.

«18 տարեկան էի, երբ անվճար ընդունվեցի Երեւանի պետական համալսարան եւ մի պահ մոռացել էի իմ երազանքի մասին: Համալսարանում սովորելու ընթացքում վերհիշեցի եւ որոշեցի, որ պետք է մեքենա սարքեմ:

Միջուկային ռեակտորների ֆիզիկա բաժինն եմ սովորել: Հետո երազանքս ինձ համար դարձավ նպատակ, բայց տեսա, որ հնարավորություն չունեմ, քանի որ չեմ աշխատում: Որոշեցի համալսարանը թողնեմ, գնամ բանակ, հետ գամ, ինչ-որ մի աշխատանք գտնեմ ու սկսեմ սարքել»:

Որոշում ու ճիշտ նույն հերթականությամբ այդպես էլ անում է: Համալսարանից դուրս է գալիս, մեկնում Հայկական բանակ ծառայության ու վերադառնալուց հետո անցնում երազանքը կյանքի կոչելու գործին:

Սկզբից մեկնում է արտերկիր, ապա վերադառնալով Հայաստանում Երեւանում սկսում է տարբեր աշխատանքներ կատարել, գումար հավաքել: Եվ առաջին իսկ 500.000 դրամը հավաքելուց հետո, 2014 թվականի սեպտեմբերից անցնում է գործի:

Թեւոսն ասում է, որ թղթի վրա երբեք մեքենայի կառուցվածքը չի գծագրել, դրանք միշտ մտքի մեջ են եղել.

«Գործարանային միայն մեքենայի անիվներն են, շարժիչը, փոխանցման տուփը, ապակիները, ղեկը: Սլաքներից սկսած՝ մնացած ամեն ինչը ես եմ սարքել: Ոչ մեկից խորհուրդ չեմ հարցրել, ես ինքն ինձնով եմ հավաքել, մասնագետի չեմ դիմել»:

Թեւոսը ժամանակին բռնցքամարտով է զբաղվել, ապա եռամարտի ռեկորդակիր է եղել: Սակայն մեքենան ստեղծելու ճանապարհին մոռանում ամեն ինչ: Սկզբում բոլորը թերահավատորեն են մոտենում երիտասարդի՝ մեքենա ստեղծելու գաղափարին, սակայն որոշ ժամանակ անց կարծիքները փոխում են.

«Գիշերները չքնելու, մտածմունքների արդյունքում 12 կգ նիհարել եմ: Բայց չի եղել մի պահ, որ ես փոշմանեմ: Իմ ձգտումները միշտ գերազանցել են իմ հնարավորությունները: Շատ դժվարություններ եմ ունեցել:

Որ սկսեցի սարքել, չկար մի հոգի, որ հավանություն տար: Բոլորն ասում էին, որ չի լինի: Նույնիսկ մասնագետներ կային, որ ասում էին՝ չի ստացվի: Հիշում, եմ, որ մենակ ռամեն էի հավաքել, ամեն առավոտ գնում էի՝ տեսնում, որ եղբայրս տարել էր, պահել, որ չսարքեմ:

Բայց երբ որ տեսքը մի քիչ արդեն սկսեց նմանվել մեքենայի, բոլորը կարծիքները փոխեցին»:

Այսօր Թեւոսը մեքենան ներկայացրել էր հաշվառման: Ասում է՝ 8 ամիս առաջ եւս փորձել է պետհամարանիշ վերցնել, սակայն ՃՈ-ում մերժել են, պատճառաբանելով, որ այն նման է Bugatti-ի: Վստահ է, այս անգամ հարցը կկարգավորվի եւ ի վերջո մեքենան կշահագործվի.

«Մեքենան Bugatti-ի նման է, բայց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության կողմից վկայագիր ունեմ, որ այդ մեքենայի դիզայնը, ոճը ինձ է պատկանում»,- ասում է Թեւոսն ու նշում, որ դեռ փոքր հասակից 3 նպատակ է ունեցել՝ ստեղծել ավտոմեքենա, այլընտրանքային էներգիա ստանալու համար ստեղծել հողմաէլեկտրակայան, իսկ երրորդ նպատակի մասին բարձրաձայնել դեռեւս չի ուզում, ասում է՝ անհավանական կթվա, բայց անպայման կիրականացնի:

Նախորդ 2 նպատակներն արդեն իրականացնում է.

«Նպատակին հասնելու համար պետք է ունենալ շատ մեծ ձգտում, որ ձգտումները գերազանցեն հնարավորությունները: Դա իմ կարգախոսն է: Ես խորհուրդներ չեմ լսել, միշտ շարժվել եմ իմ սրտի թելադրանքով եւ վերջում պարզվել է, որ ճիշտը դա էր»,- ասում է Թեւոսը:

Մեքենան հավաքելու համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 17.000 ԱՄՆ դոլար: Այն կշռում է՝ 1 տ 150 կգ, շարժիչի հզորությունը կազմում է 1.6 լ:

Աշխատում է բենզինով:

Понравилась статья? Поделиться с друзьями: