«Բենը կարծես նախագծերի իմ թալիսմանը լինի». Իրինա Այվազյանը առաջարկներ չունենալուց հետո միանգամից 3 նախագծում լինելու և եկամտի համար բիզնեսով զբաղվելու մասին

Դերասանուհի Իրինա Այվազյանը մոտ երկու տարվա դադարից հետո զբաղվածություն ունի միանգամից մի քանի նախագծում: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է նախագծերի, գործընկերների հետ հարաբերությունների, զբաղվածություն չունենալուց չնեղսրտելու և հիմնական եկամուտ ունենալու համար բիզնես հիմնելու մասին:

Առաջին նախագիծը, որում Իրինան զբաղված է, «Կհանդիպենք անտառի տնակում» 24 մասանոց հեռուստասերիալն է: Դերասանուհին ներկայանում է նաև «2+2 բաթլ» նախագծում և նկարահանվում «Բեկորներ» հեռուստասերիալում, որում նկարագրվում է հետպատերազմական շրջանը: Նա պատմեց, որ նոր դերի համար ընտրվելուց հետո ռեժիսորն ասել է, որ ուզում է նա շիկահեր լինի, ինչը խնդիր է առաջացրել դերասանուհու մոտ;

«Այս շրջանում չէի կարող փոխել մազերիս գույնը, որովհետև «Կհանդիպենք անտառի տնակում»-ի նկարահանումները դեռ չենք ավարտել: Ռեժիսորն անընդհատ հարցնում է, թե երբ եմ ավարտելու նկարահանումներս, որպեսզի կարողանամ մազերս կրկին բաց երանգով ներկել: Հետաքրքիր է, որ մինչև այս շատ ռեժիսորներ ինձ չէին ընտրում: Ասում էին, որ մուգ մազերով ավելի լավ է: Հիմա, երբ մուգ մազեր ունեմ, ուզում են շիկահեր տեսնել»,- ժպիտով նշեց դերասանուհին:

Դերասանուհին ընդգծեց, որ «Կհանդիպենք անտառի տնակում» և «Բեկորներ» նախագծերում իր կերպարները շատ տարբեր են: «Կերպարներս և՛ ոճային, և՛ տեսակային տարբեր են, ինձ նման չեն: «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալում կերպարս գյուղից սիրահարված մի աղջիկ է, որը տեսակով խանդոտ, ակտիվ է: «Բեկորներում» կերպարս հասուն, զգացմունքային աղջիկ է, ժպտալիս նրան քիչ կտեսնես: Երկուսն էլ դրական կերպարներ են, բայց ունեն այնպիսի քայլեր, որոնք հեռուստադիտողը կարող է բացասական լույսի ներքո ընկալել»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալին՝ նա ասաց, որ ռեժիսորն իրեն առաջարկել է ոճափոխության դիմեմ, քանի որ իմ բաց երանգով մազերը կերպարին այնքան էլ համապատասխան չէին․ «Ռեժիսորն ինձ երկար ու տաք երանգով մազերով էր հիշում, երբ տեսավ շիկահեր եմ, ասաց, որ գոնե տաք երանգով պետք է ներկեմ: Այդպես մազերս խարտյաշ ներկեցի ու արհեստական երկարեցրի: Մի փոքր բարդ էր, որովհետև դրանից մի քանի օր առաջ էի մազերս գունաբացել: Սակայն կերպարի համար ոճափոխվելու խնդիր չունեմ, ուղղակի չէի ուզում մազերս վնասել: Քանի որ ամեն դեպքում դերը ոճափոխություն էր ենթադրում, արեցի դա: Ռեժիսորը մազերիս գույնը չէր տեսել, գնացի գյուղ, տեսավ ու ասաց, որ ամեն ինչ իր տեղում է»:

Նկարահանումների համար Իրինան անձնակազմի հետ մոտ մեկ ամիս գյուղում նույն տանն է ապրել: «Անմոռանալի օրեր եմ ունեցել՝ չնայած կենցաղային շատ բարդություններ են եղել, նույնիսկ լոգարանում լողանալու համար կռվել ենք, հերթ կանգնել: Նման անձնակազմ ինձ չէր հանդիպել, մեկս մյուսիս համար սրտացավ էինք, շատ էինք կապվել: Չգիտեմ՝ այն պատճառով էր, որ միասի՞ն էինք ապրում, թե՞ որ լավ անձնակազմ էր հավաքվել: Խաղընկերներս շատ լավն էին, նրանց հետ աշխատելը շատ հեշտ էր: Հետաքրքիրն այն է, որ իմ մասնակցությամբ գրեթե բոլոր նախագծերում Բեն Ավետիսյանը խաղացել է, կարծես, իմ նախագծերի թալիսմանը լինի: Սովոր եմ, որ Բենը պետք է լինի իմ մասնակցությամբ նախագծերում»,- ասաց նա:

Իրինան շեշտեց, որ 2 տարի է, ինչ այսքան զբաղվածություն չէր ունեցել: «Երբ չէի նկարահանվում, խուճապահար վիճակներում էի, բայց գիտեի, որ ինձ ինչ-որ լավ բան սպասվում է: Չէի մտածում, որ այլևս չեմ նկարահանվի, առաջարկներ չեմ ունենա: Նեղսրտում էի, բայց ոչ շատ, ուղղակի կարոտում էի նկարահանումների ընթացքը: Անգամ ընկերներիս մոտ ինչ-որ կերպարներ էի մարմնավորում, կատակում, որ էկրանին այնքան չեմ խաղացել, նրանց մոտ եմ խաղում: Փոքրիկ ընկճախտեր լինում էին, որոնք տևում էին ամենաշատը մեկ օր: Երբ այս մասնագիտությունն էի ընտրում, գիտեի, որ կարող եմ մի շրջան նկարահանվել, մի շրջան՝ ոչ: Այսօրվա զբաղվածությունն ինձ դուր է գալիս, չեմ հոգնում նկարահանվելուց»,- ասաց նա:

Դերասանուհու կարծիքով՝ հեռուստաէկրաններին անընդհատ երևալը ճիշտ չէ, որովհետև հեռուստադիտողները կարող են հոգնել քեզնից: «Իհարկե, չես էլ կարող մեծ դադարներ ունենալ, որովհետև այդ դեպքում էլ կարող են քեզ մոռանալ, վարկանիշդ ընկնի: Իմ դեպքում այլ էր. զգում էի մարդկանց սերը: Ինձ սոցցանցերում շատ նամակներ էին գրում, զգում էի, որ մարդիկ սպասում են ինձ: Գուցե դրանից էր, որ վախ, տագնապ շատ չէի զգում»,- նշեց Իրինան:

Նա ասաց, որ փոքրիկ բիզնես ունենալու քայլեր է արել, որպեսզի եկամտի հիմնական աղբյուր ունենա, հանգիստ սպասի նկարահանվելու առաջարկներին:

«Ընկերներիցս մեկի հետ դիզայնով եմ զբաղվում: Ինձ համար այս ասպարեզը նորություն է, ոչ փորձ ունեի, ոչ էլ կրթություն, ուղղակի սիրում եմ դիզայն: Ամեն ինչ ճաշակի հարց է, պարտադիր չէ, որ հատուկ կրթություն ունենաս: Դեռ բարդությունների չեմ հանդիպել, բայց հաստատ կլինեն: Ես պատրաստ եմ դրանք ընդունել և հաղթահարել: Կարանտինից առաջ ևս մեկ բիզնես էի հիմնել, որը փակվեց կարանտինից հետո: Գուցե շուտով դա էլ վերականգնեմ, չգիտեմ: Ես հուսահատվող տեսակ չեմ, դա ինձ մոտ մի քանի վայրկյան է տևում: Հարցեր ունենում եմ՝ ինչո՞ւ այդպես եղավ, ինչի՞ համար, բայց անցնում են»,- եզրափակեց նա:

Հեղինակ Մարիամ Խաչատրյան

Понравилась статья? Поделиться с друзьями: