Ե՞րբ ներկել ձուն, ինչպե՞ս եփել փլավը. Զատիկի եկեղեցական կանոններ

Armeniasputnik.am-ը գրում է.

Ապրիլի 4-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` Զատիկը, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական պատարագը: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Թեև այս տոնը երկար դարերի պատմություն ունի, սակայն շատերը չգիտեն՝ ինչ է ընդունված անել այդ օրը, և ինչն է հայ եկեղեցին արգելում։ Sputnik Արմենիան անդրադառնում է Զատիկի հետ կապված անհիմն ու անընդունելի սովորույթներին։

Ձուն ուրբա՞թ են ներկում
Ամեն տարի հայ տնտեսուհիները երկընտրանքի առաջ են կանգնում` երբ ներկել ձուն` ուրբա՞թ, թե՞ շաբաթ։ Շատերը խորամուխ չլինելով տոնակատարության իմաստի մեջ` նախընտրում են ձուն ուրբաթ ներկել, ինչը Հայ առաքելական եկեղեցու համար անընդունելի է։

«Ձուն ներկում են շաբաթ երեկոյան` մայրամուտից հետո, ոչ թե ուրբաթ օրը, ինչպես շատերն են անում», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը։

Նրա խոսքով՝ ներկած ձուն շատերը միանգամից են ուտում՝ խախտելով Մեծ պահքը, որն ավարտվում է ոչ թե ուրբաթ, այլ շաբաթ երեկոյան՝ մայրամուտից հետո։ Ուրբաթ օրը եկեղեցին տարատեսակ ծեսեր է անցկացնում` խաչելության, թաղման, այդ պատճառով սխալ է ձուն այդ օրը ներկել։

«Մի հաստատված կանոն կա` ձուն ներկում են Քրիստոսի Հարությանն ընդառաջ, ընդ որում՝ ձվերը խորհրդանշում են հարությունն ու նոր կյանքի սկիզբը։ Կարմիր գույնը խորհրդանշում է հանուն մարդկության փրկության Քրիստոսի թափած արյունը», — պարզաբանեց քահանան։

Ինչո՞ւ չի կարելի ձուն ներկել հինգշաբթի
Սխալ է ձուն հինգշաբթի ներկել։ Տարածված կարծրատիպ կա, որ ձուն անպայման պետք է ներկել Ավագ Հինգշաբթի՝ ընտանիքի անդամների քանակով։ Հայկական եկեղեցին սա նույնպես արգելում է։

Առանց չամիչի փլավ
Եկեղեցական տոնական ավանդույթները չիմացող որոշ մարդիկ կարծում են, որ եթե վերջին շրջանում իրենց տանը մարդ է մահացել, ապա պետք է առաջին Զատիկն այլ կերպ նշեն` փլավն առանց չամիչի եփեն, իսկ ձուն էլ չներկեն։ Ավանդաբար Զատիկի սեղանին մատուցում են չամիչով փլավ, խաշած ձուկ, ներկած ձու, կանաչեղեն։ Եվ հարազատի կորուստը չի նշանակում, որ այդ ավանդույթը պետք է խախտվի։

Կիրակի՞, թե՞ երկուշաբթի
Հայ առաքելական եկեղեցին արգելում է նաև նախատոնական շաբաթ և կիրակի օրերին գերեզմանոց այցելել։ Դրա համար եկեղեցին հատուկ օր է առանձնացրել՝ գլխավոր եկեղեցական տոներին հաջորդող երկուշաբթին։ Մալյանը պարզաբանեց, որ հանգստյան օրերին գերեզմանոց այցելելու ավանդույթը խորհրդային ժամանակներից է մնացել, երբ ընդունված չէր մեռելոց նշել, ու մարդիկ հանգստյան օրերին էին գերեզմանոց գնում։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: